Speech
Nikol Pashinyan  ·  2026-08-06 00:00

Առաջիկայում կանդրադառնանք մեր անելիքներին՝ Կառավարության 2026-2031 թթ․ գործունեության ծրագրի քննարկումների համատեքստում. վարչապետ

Այսօր տեղի է ունեցել նոր ձևավորված Կառավարության առաջին նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը շնորհավորել է բոլորին նշանակման առիթով.«Առաջիկայում կանդրադառնանք մեր անելիքներին, բայց ամբողջական անդրադարձ կունենանք Կառավարության 2026-2031 թթ․ գործունեության ծրագրի քննարկումների համատեքստում։ Ակնհայտ է, որ մեր գործունեության մի հսկայական հատվածը լինելու է շարունակականության ժանրի մեջ, բայց նաև ակնհայտ է, որ մենք պետք է անենք որոշ վերանայումներ՝ մեր աշխատանքն ավելի արդյունավետ իրականացնելու համար։

Այն, ինչ նախորդող շրջանում չի ստացվել, մենք պետք է վերլուծենք, վերլուծում ենք և վերլուծել ենք դրա պատճառները, և պիտի անենք անհրաժեշտ հետևություններ։ Իսկ այն, ինչ ստացվել է, դա էլ պետք է վերլուծենք, վերլուծում ենք և վերլուծել ենք, և պետք է առավել արդյունավետ մոտենալ հարցերին և փորձենք մեր աշխատանքը դարձնել արդյունավետ»։

Նիկոլ Փաշինյանը ողջունել և հաջողություններ է մաղթել Կառավարության նորանշանակ անդամներին՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Դավիթ Թադևոսյանին և Վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցին։

Կառավարությունը գումար է հատկացրել ճանապարհների հիմնանորոգման, կառուցման, վերակառուցման, միջին նորոգման և կլաստերային դպրոցներ տանող ճանապարհների համար

Կառավարության որոշմամբ նախատեսվում է ճանապարհների հիմնանորոգման, կառուցման, վերակառուցման համար կատարել վերաբաշխում՝ շուրջ 15,65 մլրդ դրամի, և այն ուղղել մի շարք ճանապարհահատվածների հիմնանորոգման, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների մատուցման, նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման և փորձաքննության ծառայությունների մատուցման, հեղինակային հսկողության ծառայությունների մատուցման, ինչպես նաև տրանսպորտային օբյեկտի կառուցման, վերակառուցման և նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար:

Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 63.5 կմ, որից՝ միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներինը՝ 4.8 կմ, հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներինը՝ 32.2 կմ և մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհներինը՝ 26.5 կմ: ՏԿԵ նախարարը տեղեկացրել է նաև, որ չզեկուցվող երկու հարցով էլ կրկին վերաբաշխումներ են իրականացվել և 3,7 դրամ հատկացվել է 76,4 կմ երկարությամբ ճանապարհների միջին նորոգմանը, 1,6 մլն դրամ՝ կլաստերային դպրոցներ տանող ընդհանուր 10,6 կմ երկարությամբ ճանապարհների նորոգման, հիմնանորոգման համար։

Վարչապետը թվարկել է ճանապարհաշինարարական ծրագրերը։

Ավտոճանապարհներ՝Ռյա Թազա բնակավայրով անցնող հատվածում ջրահեռացման կարգավորում (աշխատանքները նախատեսվել է մեկնարկել և ավարտել 2026թ.-ին), Ծովակից Վարդենիս տանող ավտոճանապարհի 9․0 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում (աշխատանքները նախատեսվել է իրականացնել առանձին մասերով, գումարը 2026 թ. իրականացվող 4.8 կմ հատվածի աշխատանքների վճարման համար է), Աբովյանից Արզնի և Նոր Գեղի տանող ավտոճանապարհի (Արզնու ձորի հատված) 6․7 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում (աշխատանքները նախատեսվել է մեկնարկել և ավարտել 2026թ.-ին), Զորավանից դեպի Արագյուղ և Երնջատափ տանող ավտոճանապարհի 12.4 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում (աշխատանքները նախատեսվել է իրականացնել առանձին մասերով, գումարը 2026 թ. իրականացվող 10.0 կմ հատվածի աշխատանքների վճարման համար է), Ենոքավանից դեպի Կարմիրգյուղ գյուղատեղի և Ջուջևան տանող ավտոճանապարհի 66.8 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում (աշխատանքները նախատեսվել է իրականացնել առանձին մասերով, գումարը 2026 թ. իրականացվող աշխատանքների վճարման համար է), Իծաքարից Բերդ տանող ավտոճանապարհի 9․8 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում (աշխատանքները նախատեսվել է իրականացնել առանձին մասերով, գումարը 2026 թ. իրականացվող աշխատանքների վճարման համար է), Բերդից Տավուշ գյուղի խաչմերուկ տանող ավտոճանապարհի 4․6 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում (աշխատանքները նախատեսվել է մեկնարկել և ավարտել 2026թ.-ին), Ամասիայից դեպի Բերդաշեն տանող ավտոճանապարհի Բերդաշեն բնակավայրով անցնող 1.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում (աշխատանքները նախատեսվել է մեկնարկել և ավարտել 2026թ.-ին), Թալին համայնքի Կաքավաձոր բնակավայրում համայնքային նշանակության 1-ին փողոցի մոտ 900 մ ասֆալտապատում (աշխատանքները նախատեսվել է մեկնարկել և ավարտել 2026թ.-ին), Մայիսյանից դեպի Արմավիր քաղաք տանող ավտոճանապարհի 1․5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Տարոնիկից մինչև Մեծամորի թանգարան տանող ա/ճ-ի հատման կետ 1.9 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում (աշխատանքները նախատեսվել է մեկնարկել և ավարտել 2026թ.-ին), Լուկաշինից դեպի Նորավան և Արմավիր բնակավայրեր տանող ավտոճանապարհի 4․2 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում (աշխատանքները նախատեսվել է մեկնարկել և ավարտել 2026թ.-ին), Արտաշարի տարածքով անցնող ավտոճանապարհի 3․3 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում (աշխատանքները նախատեսվել է մեկնարկել և ավարտել 2026թ.-ին), Հացիկի տարածքով անցնող ավտոճանապարհի 3․5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում (աշխատանքները նախատեսվել է մեկնարկել և ավարտել 2026թ.-ին), Լոռու մարզի Փամբակ համայնքի Բազում բնակավայրից դեպի զորամաս տանող ավտոճանապարհի ասֆալտապատում (աշխատանքները նախատեսվել է մեկնարկել և ավարտել 2026թ.-ին), Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցի հիմնանորոգում (աշխատանքները նախատեսվել է մեկնարկել և ավարտել 2026թ.-ին), Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 3-րդ փողոցի 1020գծմ հատվածի հիմնանորոգում (աշխատանքները նախատեսվել է մեկնարկել և ավարտել 2026թ.-ին), Շաղատից Բալաք տանող ավտոճանապարհի 2․3 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում (աշխատանքները նախատեսվել է մեկնարկել և ավարտել 2026թ.-ին), Անգեղակոթից Մուցք տանող ավտոճանապարհի 5․7 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում (աշխատանքները նախատեսվել է մեկնարկել և ավարտել 2026թ.-ին)։Տրանսպորտային օբյեկտներ՝Հ-1 ավտոճանապարհի Արգելի բնակավայրից դեպի Արզական բնակավայր տանող ավտոճանապարհի Արզականի հատվածում փլուզված հենապատի վերակառուցում (աշխատանքները մեկնարկել են 2025թ-ի վերջին և նախատեսվել է ավարտել 2026թ.-ին), Մ-6 ավտոճանապարհը Ախթալա բնակավայրի հետ կապող պողպատե ֆերմաներով կառուցված 2-րդ կամրջին կից նույն թռիչքային կառուցվածքով կամրջի կառուցում, (աշխատանքները մեկնարկել են 2025թ-ի վերջին և նախատեսվել է ավարտել 2026թ.-ին), Խաշթառակի վթարային վիճակում գտնվող կամրջի փոխարեն 2 հատ միմյանց կից պողպատե ֆերմաներով կամուրջների կառուցում (աշխատանքները մեկնարկել և ավարտվել են 2026թ.-ին), Հախում գետի վրա պողպատե ֆերմաներով կամրջի կառուցում (աշխատանքները նախատեսվել է մեկնարկել և ավարտել 2026թ.-ին)։

Միջին նորոգման աշխատանքներ՝Աբովյանից (Չայնիի ոլորաններ) դեպի Չարենցավան (ձախ գոտի) 2,187կմ, Չարենցավանից դեպի Քաղսի (աջ գոտի) 3,42կմ, Չարենցավանից դեպի Հրազդան (ձախ գոտի) 15,6կմ, Հրազդանից դեպի Սևանի թերակղզի (ձախ գոտի) 16,9 կմ, Սևանից դեպի Սևանի թերակղզի (ձախ գոտի) 3,826 կմ, Գորայքից դեպի Ծղուկ 13,328 կմ, Սպանդարյանից դեպի Անգեղակոթ 6,14 կմ, Իշխանասարից դեպի Նորավան 4,426 կմ, Բերդից դեպի Այգեպար 6.026 կմ, Վերին Կարմիր Աղբյուրից դեպի Արծվաբերդ 4,571 կմ։ Այս աշխատանքների ավարտը նախատեսվում է ընթացիկ տարում։

Կլաստերային դպրոցներ տանող ճանապարհների հիմնանորոգման և միջին նորոգման աշխատանքներ՝Արագածոտնի մարզի՝ Գետափից Արագածավանի հիմնական դպրոց գնացող ճանապարհի 0.2կմ, Վերին Սասնաշենի Մ․ Մանուկյանի անվան հիմնական դպրոցից 0.1կմ և մարզային նշանակության Տ-1-41, 1.5կմ ավտոճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ, Գեղարքունիքի մարզի՝ Ծափաթաղ մարզային նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ (Ջիլի դպրոց տանող ճանապարհ), Լոռու մարզի՝ Թումանյան համայնքի Աթան բնակավայրի 4-րդ փողոցի 0.4 կմ երկարությամբ ճանապարհահատվածի ասֆալտապատման աշխատանքներ (Լորուտի դպրոց տանող ճանապարհ), Փամբակ համայնքի Բազում բնակավայրի 3-րդ փողոցից դեպի կրթահամալիր տանող ճանապարհի 0.4 կմ երկարությամբ հատվածների հիմնանորոգման աշխատանքներ, Թումանյան համայնքի Շամուտ բնակավայրի 1-ին փողոցի 0.7 կմ երկարությամբ ճանապարհահատվածի ասֆալտապատման աշխատանքներ (Լորուտի դպրոց տանող ճանապարհ), Բազումի-Ազնվաձոր տեղական նշանակության ավտոճանապարհի հատվածի հիմնանորոգում (Բազումի միջնակարգ դպրոց տանող ճանապարհ), Շիրակի մարզի՝ Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի Յ․Ղամբարյան փողոցի հիմնանորոգման աշխատանքներ (Կառնումի դպրոց տանող ճանապարհ), Արթիկ համայնքի Նոր Կյանք բնակավայրի 4-րդ փողոցի հիմնանորոգման և ասֆալտապատման շինարարական աշխատանքներ, Ախուրյան համայնքի Քեթի բնակավայրի 7-րդ փողոցի հիմնանորոգման աշխատանքներ (Քեթի միջնակարգ դպրոց տանող ճանապարհ), Սյունիքի մարզի՝ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Ձագիկավան բնակավայրի /Մ-2 միջպետական ճանապարհից մինչև Ձագիկավանի միջնակարգ դպրոց փողոցի ասֆալտապատման աշխատանքներ, Տավուշի մարզի՝ Լուսաձորի կրթահամալիր տանող 0.31 կմ երկարությամբ համայնքային նշանակության ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ, Լուսաձորի կրթահամալիր տանող 0.45 կմ երկարությամբ համայնքային նշանակության ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ, Լուսաձորի կրթահամալիր տանող 1,5 կմ երկարությամբ ճանապարհի միջին նորոգման աշխատանքներ, Բագրատաշենի թիվ 2 հիմնական դպրոց տանող ընդհանուր 1,1 կմ երկարությամբ համայնքային 2 փողոց տանող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ։

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է.«Առաջիկայում մենք նաև տրանսպորտային խնդիրները կլուծենք , քննարկել ենք մի քանի տարբերակներ, հիմա կսկսենք աշխատել և նաև հընթացս կերևա, թե որ տարբերակն է ավելի արդյունավետ»։

Վարչապետն ընդգծել է՝ Կառավարությունը պատասխանատու է երեխաների ստացած կրթության որակի, նրանց համար նորմալ կրթական միջավայրի ստեղծման համար՝ իր բոլոր ենթակառուցվածքներով, ինչպես նաև պատշաճ որակավորված մանկավարժական կադրերի համար։«Սա շատ կարևոր և ռազմավարական նշանակության նախագիծ է, որը մենք պետք է ուղեկցենք։ Կրթության որակի հետ կապված, լուրերով նայում եմ, որ այս տարի ընդունելության քննություններին անբավարար ստացած դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ էականորեն մեծ է։ Սա ահազանգ է, մենք պետք է հասկանանք։ Ըստ ամենայնի՝ մենք դանդաղում ենք մեր բարեփոխումների ճանապարհին, որովհետև շատ ենք կոմպրոմիսների գնում, և արդյունքում տուժում են երեխաները։ Մենք պետք է առերեսվենք։ Ատեստավորման գործընթաց է, ինչքա՞ն կարելի է, չի հաղթահարում մարդը, պետք է ասենք՝ վերջ, էլ չպետք է աշխատի դպրոցում, որովհետև իր աշակերտն է, որ գնում, չի կարողանում ընդունելության քննությունը գոնե բավարար ստանա։ Որոշումները կայացված են, պետք է շատ հստակ և հատու, վճռական իրականացնենք, և որևէ կասկած չկա, որ դա անում ենք երեխաների շահերից ելնելով»,- ասել է վարչապետը։

Կապահովվեն 61 մանկապարտեզի հիմնանորոգման, վերանորոգման շինարարական աշխատանքները

Կառավարության որոշմամբ նախատեսվում է պետբյուջեով ԿԳՄՍ նախարարությանը հատկացված կապիտալ ծախսերի միջև կատարել վերաբաշխում 5,6 մլրդ դրամի չափով։ Գումարը կուղղվի՝ ՀՀ մարզերում 35 մանկապարտեզի հիմնանորոգման/վերանորոգման աշխատանքներն ավարտելուն, 8 մանկապարտեզի հիմնանորոգման/վերանորոգման աշխատանքները մեկնարկելուն և 18 շինարարությունն ավարտված մանկապարտեզներում լրացուցիչ աշխատանքները կատարելուն, 8 մանկապարտեզի նորոգման համար անհրաժեշտ տեխնիկական վիճակի զննության, չափագրության և նախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայությունը ձեռք բերելուն, ինչպես նաև Բարգավաճ և դիմակայուն Ասիայի և Խաղաղ օվկիանոսի Ճապոնիայի հիմնադրամի աջակցությամբ դպրոցների շենքային ապահովվածության բարելավման դրամաշնորհային ծրագրի կառավարման շրջանակներում խորհրդատվական, ուսուցման և նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայությունները ձեռք բերելու նպատակով։ Որոշմամբ, ընդհանուր առմամբ նախատեսվում է ապահովել 61 մանկապարտեզի հիմնանորոգման/վերանորոգման շինարարական աշխատանքները (35 մանկապարտեզի մասով՝ աշխատանքներն ավարտելու, 8 մանկապարտեզի մասով՝ աշխատանքները մեկնարկելու, իսկ 18 մանկապարտեզի մասով հիմնական շինարարական աշխատանքներն ավարտված են, սակայն անհրաժեշտություն է առաջացել լրացուցիչ աշխատանքների)։ Արդյունքում՝ կապահովվի «մինչև 2026թ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման և վերանորոգման» ծրագրի շարունակական կատարումը։

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է մանկապարտեզների ցանկը.

Արագածոտնի մարզ՝ Աշտարակի թիվ 5 Արաքս Մուրադյանի անվան մանկապարտեզ, Աշտարակ բնակավայրի թիվ 1 «Մանուշակ» մանկապարտեզ, Ապարանի թիվ 1 մանկապարտեզ, Քուչակի մանկապարտեզ, Հարթավանի մանկապարտեզ, Ներքին Սասնաշենի մանկապարտեզ,

Արարատի մարզ՝ Վեդու թիվ 2 նախադպրոցական ուսումնական հաստատություն, Փոքր Վեդու «Զարթոնք» նախադպրոցական ուսումնական հաստատություն, Մասիս համայնքի Մասիս քաղաքի թիվ 5 մսուր-մանկապարտեզ, Արտաշատ համայնքի Դալար գյուղի մանկապարտեզ, Արտաշատի թիվ 4 մսուր-մանկապարտեզ, Վանաշենի նախադպրոցական ուսումնական հաստատություն, Մասիս համայնքի Սիս գյուղի «Անուշիկ» մսուր-մանկապարտեզ,

Արմավիրի մարզ՝Այգեկի մանկապարտեզ,

Գեղարքունիքի մարզ՝ Մարտունի քաղաքի թիվ 4 մանկապարտեզ, Ձորագյուղի մանկապարտեզ, Սևան համայնքի «Հեքիաթ» մանկապարտեզ, Ծովագյուղի մանկապարտեզ, Կարմիրգյուղի մանկապարտեզ, Զովաբերի մանկապարտեզ, Գավառի թիվ 7 մանկապարտեզ, Ճամբարակի թիվ 3 մսուր-մանկապարտեզ,

Լոռու մարզ՝ Շիրակամուտի «Արևիկ» մանկապարտեզ, Վանաձորի թիվ 32 մանկապարտեզ, Ալավերդի համայնքի «Արևներ» մսուր-մանկապարտեզ, Վանաձորի թիվ 40 մանկապարտեզ, Վանաձորի թիվ 11 մանկապարտեզ,

Կոտայքի մարզ՝ Մրգաշենի մանկապարտեզ, Հրազդանի թիվ 13 ՆՈՒՀ, Գառնիի մանկապարտեզ, Շիրակի մարզի՝«Լապտերիկ» մսուր մանկապարտեզ, Սառնաղբյուրի մանկապարտեզ, Արևիկ մանկապարտեզ,Սյունիքի մարզ՝ Գորիս քաղաքի թիվ 5 ՆՈՒՀ, Սիսիանի թիվ 4 ՆՈՒՀ, Լեռնաձորի մանկապարտեզ, Անգեղակոթի մանկապարտեզ, Շաղատի մանկապարտեզ, Ներքին Խնձորեսկի մանկապարտեզ,

Վայոց ձորի մարզ՝ Աղավնաձորի մանկապարտեզ, Վայքի թիվ 1 մանկապարտեզ, Վայքի թիվ 3 մանկապարտեզ,

Տավուշի մարզ՝ Դիլիջանի թիվ 1 մանկապարտեզ, Հաղարծինի մանկապարտեզ, Կոթիի մսուր-մանկապարտեզ, Սարիգյուղի մանկապարտեզ, Բերդավանի մսուր-մանկապարտեզ, գ․ Տավուշի մանկապարտեզ, Վերին Կարմիրաղբյուրի մանկապարտեզ, Պառավաքարի մանկապարտեզ, Չորաթանի մանկապարտեզ, Չինչինի մանկապարտեզ, Չինարի մանկապարտեզ, Նավուրի մանկապարտեզ, Ներքին Կարմիրաղբյուրի մանկապարտեզ, Մովսեսի մանկապարտեզ, Վ․ Ծաղկավանի մանկապարտեզ, Բերդ քաղաքի թիվ 3 մսուր-մանկապարտեզ, Բերդ քաղաքի թիվ 2 մսուր-մանկապարտեզ, Այգեձորի մանկապարտեզ և նույն մանկապարտեզի 2-րդ մասնաշենք։

Որոշմամբ գումար է հատկացվում նաև մանկապարտեզների բակերի բարեկարգման համար։ Կարևորելով այդ հարցի լուծումը՝ վարչապետն ընդգծել է, որ տվել է համապատասխան հանձնարարական։

2026-2031 թթ. 2 մլրդ դոլարի ապօրինի գույք պետք է վերադարձվի ՀՀ-ին, համայնքներին. վարչապետ

Կառավարությունն ընդունել է «Անշարժ գույք ամրացնելու մասին» որոշում, որով առաջարկվում է ՀՀ սեփականություն հանդիսացող Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Աղայան փողոցի 7-րդ շենքի 51,9 քմ ընդհանուր մակերեսով գույքն ամրացնել ՏԿԵՆ Պետական գույքի կառավարման կոմիտեին։

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մանրամասներ է ներկայացրել և նշել, որ Գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչությունը 2026 թ. հունվարի 23-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Քաղաքաշինության կոմիտեի «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» ԲԲԸ-ի, իրավաբանական անձի, քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանի՝ 2008 թվականի դեկտեմբերի 27-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով: Աննա Վարդապետյանը տեղեկացրել է, որ Քաղաքաշինության կոմիտեի «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» ԲԲ ընկերությունը որպես պատասխանող ներգրավվել է այն պատճառով, որ հանդիսացել է 2008 թվականին առուվաճառքի պայմանագրի կողմ հանդիսացած՝ «Սեյսմակայուն շինարարության և կառուցվածքների պահպանման հայկական գիտահետազոտական ինստիտուտ» ԲԲԸ-ի իրավահաջորդը:«Հայցի քննության ընթացքում առաջարկվել է հաշտության համաձայնություն, որը դատարանի 2026 թ. ապրիլի 14-ի վճռով հաստատվել է: Դատարանի կողմից հաստատված և օրինական ուժի մեջ մտած հաշտության համաձայնությամբ, 2026 թ. հունիսի 6-ին ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Աղայան փողոցի 7-րդ շենքի 51,9 քմ մակերեսով թիվ 97 նկուղային տարածքի և 0,08 հա մակերեսով հողամասի նկատմամբ»,-ասել է Աննա Վարդապետյանը՝ հավելելով, որ այն հերթական գույքերից մեկն է:

ՀՀ գլխավոր դատախազն անդրադարձել է 2025-2026 թթ. ընթացքում Դատախազության՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակներում Հայաստանի Հանրապետությանն ու համայնքներին վերադարձված հանրային բարիքին՝ այգիներին, պուրակներին, զբոսայգիներին, անտառային տարածքներին:

Աննա Վարդապետյանը մանրամասներ է ներկայացրել Երևանում, մի շարք մարզերում վերադարձված գույքերի մասին.«Սյունիքի մարզում՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում՝ դատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան համայնքի տիրապետմանն է վերադարձվել «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 5 հողատարածք՝ 3153 քմ մակերեսով, Կապան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Վազգեն Սարգսյանի անվան զբոսայգում գտնվող 3 հողատարածք՝ 687 քմ մակերեսով: Տավուշի մարզում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, դատախազության հայցերի բավարարման, ինչպես նաև դատախազական ներգործության արդյունքում՝ Իջևան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Իջևանի քաղաքային զբոսայգում գտնվող 16 հողատարածք՝ 5260,7 քմ մակերեսով, Դիլիջան համայնքի տիրապետմանն է վերադարձվել 67 հա մակերեսով «հատուկ պահպանվող տարածքներ» նպատակային և «բնապահպանական» գործառնական նշանակությամբ հողամաս, որի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 4 միլիարդ 579 միլիոն դրամ է (12 միլիոն 436 հազար ԱՄՆ դոլար): Արարատի մարզում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, դատախազական ներգործության արդյունքում, Արտաշատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Քաղցրաշեն բնակավայրի Շահումյան փողոցի պուրակում գտնվող 2 հողատարածք՝ 250 քմ մակերեսով: Համայնքի ֆինանսավորմամբ պուրակում բարեկարգման աշխատանքները, մեր ունեցած տեղեկություններով, ավարտվել են: Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել նաև Քաղաքային զբոսայգում գտնվող 4 հողատարածք՝ 4601 քմ մակերեսով:

«Դատախազությունը տեղեկացրել էր նաև, որ դատախազական ներգործության արդյունքում Հայաստանի Հանրապետության տիրապետմանն են վերադարձվել Արարատի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող բնապահպանական հողերից 60 միլիարդ 553 միլիոն դրամ արժեքով շուրջ 5330 հա մակերեսով հողատարածքներ (65 գույքային միավոր)։ Հողատարածքների նկատմամբ դադարել է «Կենդանիների աշխարհ» ՍՊ ընկերության անհատույց օգտագործման իրավունքի պետական գրանցումը: Այս ուղղությամբ ուսումնասիրությունները շարունակվում են, քանի որ այլ հողատարածքների՝ առերևույթ ապօրինի տիրապետման վերաբերյալ տեղեկություններ են ստացվել: Գեղարքունիքի մարզում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, դատախազական ներգործության արդյունքում՝ ՀՀ տիրապետմանն է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքում գտնվող 6 հողատարածք՝ 5.7 հա մակերեսով: Դատախազությունը տեղեկացրել էր նաև, որ դատախազական ներգործության արդյունքում, 2025 թվականի դեկտեմբերից մինչև 2026 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում, Սևանա լճի ափամերձ՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել է ապօրինի կառուցված 201 շենք-շինություն, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից լուծվել (դադարեցվել) է 2 պայմանագիր: Ապամոնտաժման աշխատանքները կշարունակվեն լողափնյա սեզոնի ավարտից հետո:

Կոտայքի մարզում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, դատախազության հայցի բավարարման արդյունքում՝ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Ծաղկաձոր համայնքում գտնվող՝ շուրջ 2 հա մակերեսով հողամասի նկատմամբ:

Լոռու մարզում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում՝ դատախազական ներգործության արդյունքում Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգում գտնվող 13 հողատարածք՝ 4451,7 քմ մակերեսով:

Երևանում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում՝ Դատախազության հայցերի բավարարման արդյունքում, ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Երևան քաղաքի Նորք-Մարաշ, Գարեգին Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ 7,5 հա մակերեսով 6 հողամասի նկատմամբ, որոնց շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 3 միլիարդ 382 միլիոն դրամ է (9 միլիոն 215 հազար ԱՄՆ դոլար)»։

Վարչապետը կարևորել է վերադարձված գույքերի հետագա ճակատագրի հարցը և ընդգծել՝ քանի որ գույքերի ծավալները մեծանում են, պետք է հարթակ ստեղծել՝ գույքերը համապատասխան տրամաբանությամբ կառավարելու համար։«Առաջիկայում Կառավարության ծրագրի մեջ ուզում ենք մեր առաջ խնդիր դնել։ Մենք խնդիրը ձևակերպելու ենք հետևյալ կերպ՝ 2026-2031 թթ. 2 մլրդ դոլարի ապօրինի գույք պետք է վերադարձվի ՀՀ-ին, համայնքներին։ Սա շատ իրատեսական խնդիր է։ Հանրության կողմից շատ հստակ պահանջ կա ձևակերպված, ուզում եմ շնորհակալություն հայտնել հանրությանը համբերատարության համար։ Մեխանիզմները գործարկված են»,-ասել է Նիկոլ Փաշինյանը և հավելել, որ ապօրինի գույքի բռնագանձման համակարգի առաջին վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2025 թվականին, այսինքն՝ այդ համակարգը լիարժեք նոր սկսել է գործել։

ՀՀ գլխավոր դատախազն անդրադարձել է նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով կայացված վճիռներին և ներկայացված հայցերին: Աննա Վարդապետյանն ընդգծել է, որ բոլորովին վերջերս՝ 2026 թ. հուլիսի 24-ին Հակակոռուպցիոն դատարանի կողմից մասնակի բավարարվել է Դատախազության հայցը՝ ընդդեմ Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի և նրան փոխկապակցված անձանց: Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հօգուտ ՀՀ ենթակա է բռնագանձման.Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում գտնվող մեկ բնակարանի 45%-ը,Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում գտնվող մեկ բնակելի տունն ամբողջությամբ, 184 միլիոն 222 հազար 585 դրամ:«Իմ նշած երեք այլ վճիռներից 2026 թ. հուլիսի 3-ին Հակակոռուպցիոն դատարանի կայացված վճիռն է ընդդեմ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և նրան փոխկապակցված անձանց: Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հօգուտ ՀՀ ենթակա է բռնագանձման Երևան քաղաքում գտնվող 3 անշարժ գույք, որոնցից 1 կբռնագանձվի ամբողջությամբ, 2 գույքերի՝ ապօրինի գնահատված մասերը, բանկում ներդրված 202 միլիոն 998 հազար դրամ ավանդները, դրանցից կուտակված ընդհանուր՝ 74 միլիոն 716 հազար դրամ տոկոսագումարները, 352 միլիոն 438 հազար դրամ»,- նշել է Աննա Վարդապետյանը:

Մյուս վճիռը, ըստ նրա, Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հունիսի 5-ին մասնակի բավարարել է Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի և նրան փոխկապակցված անձանց: Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հօգուտ ՀՀ ենթակա է բռնագանձման 8 անշարժ գույք, որոնցից 4-ը կբռնագանձվի ամբողջությամբ, մյուս 4-ը՝ ապօրինի ճանաչված մասերով, 1 իրավաբանական անձում 50% մասնակցությունը, 2 տրանսպորտային միջոց, 2 անշարժ գույքի և 1 տրանսպորտային միջոցի բռնագանձման անհնարինությամբ պայմանավորված դրանց արժեքը՝ շուրջ 25 միլիոն դրամ, 85 միլիոն 430 հազար դրամ: Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի ապրիլի 21-ին մասնակի բավարարել է Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր դուստր Անի Սարգսյանի: Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակա է բռնագանձման Էլեկտրաէներգիայի արտադրությամբ զբաղվող ընկերության 39341 հատ բաժնետոմս, 864 հազար ԱՄՆ դոլար ավանդ, 10 միլիոն 200 հազար դրամ, 4853 եվրո, 2 միլիոն 643 հազար դրամ: Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի հոկտեմբերի 10-ին մասնակի բավարարել է Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի ժառանգների և նրան փոխկապակցված անձանց: Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հօգուտ ՀՀ-ի ենթակա է բռնագանձման 9 անշարժ և 6 շարժական գույք, 1 իրավաբանական անձում մասնակցություն, 340 միլիոն դրամ:

Գլխավոր դատախազը հավելել է, որ գույքերը գնալով շատանում են, այդ թվում բնակարաններ, բնակելի տներ, առանձնատներ, որոնց կառավարման կարգը օր առաջ անհրաժեշտ է մշակել։«Ինչ վերաբերում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման լիազորության շրջանակում դատարան ներկայացված հայցերին, ապա նշեմ, որ ներկայում Հակակոռուպցիոն դատարանում քննվում է 172 հայց, իսկ 2-ը դեռևս չեն ընդունվել վարույթ։ Դատարանում քննվող հայցերի ընդհանուր հայցագինը կազմում է շուրջ 628 միլիարդ 600 միլիոն դրամ։ Հայցերով պահանջվում է բռնագանձել 1486 անշարժ գույք, 371 շարժական գույք, 464 իրավաբանական անձում մասնակցություն, ինչպես նաև դրամական միջոցներ, որոնց ընդհանուր չափը կազմում է շուրջ 464 միլիարդ 600 միլիոն դրամ»,-եզրափակել է Աննա Վարդապետյանը՝ հավելելով, որ նախատեսվող ուղենիշը իրատեսական է:

Սահմանվել է Խաղային գործունեության կարգավորման օպերատոր

Գործադիրը սահմանել է Խաղային գործունեության կարգավորման օպերատոր։ Ըստ այդմ՝ առաջարկվում է խաղային ոլորտի կարգավորման օպերատոր սահմանել «Խաղերի վերլուծության և մշտադիտարկման համակարգ» առևտրային կազմակերպությանը, որը ստեղծվել է GARO-S-25-01 ծածկագրով բաց մրցույթի հաղթող ճանաչված «Ռենդոմ սիսթեմս ինթերնեյշնլ» ՍՊԸ կողմից։ Նախատեսվում է նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահին հանձնարարել ապահովել օպերատորի հետ պայմանագրի կնքումը։ Որոշման ընդունումը կնպաստի խաղային գործունեության ոլորտում միասնական մոնիտորինգի, վերահսկողության, տվյալների վերլուծության, խաղային արտադրանքների միացման և օրենքով օպերատորին վերապահված գործառույթների իրականացման կազմակերպմանը։

Ինչպես նշել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը, դեռևս 2024-ին խաղային գործունեության կարգավորման մասին օրենքով մի շարք փոփոխություններ էին կատարվել, որոնց թվում էր նոր թվային վերահսկողության գործիքակազմի ներդրումը պետություն-մասնավոր համագործակցության տրամաբանության ներքո:«Օրենքից հետո համապատասխան որոշումներ ընդունվեցին, որը հիմք ստեղծեց բաց մրցույթ իրականացնելու, որին հայտ էին ներկայացրել 3 օտարերկրյա կազմակերպություններ: Արդյունքում հաղթող է ճանաչվել «Ռենդոմ սիսթեմս ինթերնեյշնլ» ՍՊԸ-ն, որը նման գործառույթ է իրականացնում նաև Վրաստանում՝ լինելով խաղային գործունեության կարգավորման օպերատոր»,-ասել է ՊԵԿ նախագահը։

Ըստ Էդուարդ Հակոբյանի՝ նպատակն է մասնավոր գործընկերոջ հետ ստեղծել ժամանակակից թվայնացված և արդյունավետ կարգավորման մեխանիզմ և վերահսկողության գործիքակազմ, մասնավորապես, 3 ուղղություններով՝ 1. ապահովել իրական ժամանակում խաղային մոնիթորինգ, 2. սահմանել և կիրառել քաղաքացիների խոցելի խմբերի, հանրային ծառայողների, համայնքային ծառայողների, մի շարք այլ խմբերի՝ խաղերին մասնակցության սահմանափակումներ, ինչպես նաև կիրառել սահմանափակումները թվային միջավայրում, 3. սահմանել արդար և պատասխանատու խաղային կանոններ։ ՊԵԿ-ի նախագահը նշել է, որ խոսքը 15 տարվա պայմանագրի կնքման մասին է, հաղթող ընկերությունը 6-ամսյա ժամկետում պարտավոր է ներդնել էլեկտրոնային համակարգ:

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ խաղատնային ոլորտի գործառույթներն անցնելու են այս օպերատորի պատրաստած պլատֆորմի միջոցով:«Ինչ տեղի է ունենալու խաղային ոլորտում, այդ ամբողջ համակարգը գործելու է պլատֆորմի միջոցով, այսինքն՝ խաղադրույք կատարել, շահում ստանալ և այդպես շարունակ: Մենք առաջինը ստվերն ենք բացառելու, երկրորդը՝ այն պարագայում, երբ մարդկանց սահմանափակումներ ենք դնում, որ չեն կարող խաղադրույք կատարել, այդ սահմանափակումները կիրառելու ենք, քանի որ այն սահմանված է, բայց շատ դեպքերում մենք չենք կարողանում կիրառել այդ գործիքը չունենալու պատճառով: Երրորդն այն է, որ որոշակի հարկային գործիքներ ստանալու հնարավորություն ենք ունենալու: Ընդհանուր առմամբ դաշտն ավելի թափանցիկ ենք դարձնելու»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ստվերը կրճատելու ուղղությամբ լուրջ քայլեր են իրականացվել և հասել են եզրափակիչ փուլին:

Վարչապետը գոհունակությամբ նշել է՝ 2027 թ. հունվարի 1-ից կունենանք նոր համակարգ, որը կլուծի բազմամյա այս պրոբլեմը։

Կառավարությունը հերթական գումարն է հատկացրել սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Կառավարության որոշմամբ առաջարկվում է ՀՀ մարզպետների աշխատակազմերին հատկացնել 1,261,121.7 հազար դրամ՝ սուբվենցոին ծրագրերի իրականացման համար համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու նպատակով։ Ծրագրային հայտերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին` մասնավորապես. համայնքներում փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը և գիշերային լուսավորության անցկացմանը, բնակավայրերի գազաֆիկացմանը, բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգմանը՝ էներգախնայող միջոցառումների կիրառմամբ:

Օրենսդրական նախաձեռնություն. նախատեսվում է անվանափոխել 3 նախարարություն

Կառավարությունը հավանություն է տվել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերին։ Օրինագծերով, մասնավորապես՝ առաջարկվում է փոփոխել երեք նախարարության անուն։ Նախատեսվում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն անվանափոխել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ Աշխատանքի և բարեկեցության նախարարության, Արտաքին գործերի նախարարությունը՝ Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության:

Կբարելավվի 26 ընտանիքների բնակարանային խնդիրը, կընդլայնվի սոցիալական բնակարանային ֆոնդը

Գործադիրն ընդունել է «Գույք նվիրաբերելու, ամրացնելու, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին» որոշում, որի նպատակն է Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Խնկոյան 134 հասցեում կառուցված բազմաբնակարան շենքի բնակարանների հատկացմամբ լուծել նույն հասցեում երկրաշարժից հետո կառուցված փայտյա, անբավարար տեխնիկական վիճակում գտնվելու հետևանքով քանդված, թվով 2 հանրակացարանային շենքերում բնակվող ընտանիքների բնակարանային խնդիրները՝ նվիրաբերության միջոցով։ Նախատեսվում է նաև չբաշխված բնակարանների հաշվին համալրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Օթևան» ՊՈԱԿ-ի սոցիալական բնակարանային ֆոնդը՝ բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց հատկացնելու նպատակով: Արդյունքում՝ պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի շրջանակներում, կլուծվի կամ կբարելավվի աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած ևս 26 ընտանիքների բնակարանային խնդիրը, ինչպես նաև կընդլայնվի «Օթևան»-ի սոցիալական բնակարանային ֆոնդը:

Կլուծվեն Երևանի Վարդաշենում գտնվող 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների բնակարանային խնդիրները

Կառավարությունն ընդունել է «Երևան քաղաքի Վարդաշեն 6-րդ փողոցի հ. 66/1 և Վարդաշեն 6-րդ փողոցի հ. 68ա հասցեներում գտնվող շենքերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» որոշում։ Ըստ հիմնավորման՝ այդ բնակելի շենքերը հանդիսանում են 4-րդ կարգի վթարային և կանգնած են փլուզման վտանգի առաջ: Որոշմամբ նախատեսվում է քննարկվող հատվածը ճանաչել հանրության գերակա շահ, որի արդյունքում նշված շենքերի բնակիչները հնարավորություն կունենան ստանալ «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքով սահմանված փոխհատուցումը կամ բնակարանի գնման վկայագիր: Ծրագրի կատարման արդյունքում կլուծվեն տվյալ շենքերում բնակվող բնակիչների բնակարանային խնդիրները, կապահովվի բնակիչների և երրորդ անձանց անվտանգությունը, 4-րդ կարգի վթարային շենքերը կապամոնտաժվեն, կվերանա այդ շենքերի փլուզման վտանգը, կբացառվեն անկանխատեսելի հետևանքները: Ծրագիրն ամբողջությամբ կատարելուց և վթարային բնակարանները ազատելուց հետո շենքերի ապամոնտաժման աշխատանքները իրականացվելու են Երևան համայնքի միջոցների հաշվին՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում: Բոլոր այն շահառուները, որոնց փոխհատուցման չափը կազմելու է ՀՀ կառավարության՝ «Պարտապանի միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումար և պարտապանի միակ բնակարանի իրացումից վերադարձված նվազագույն գումարի տնօրինման կարգը սահմանելու մասին» որոշմամբ սահմանված 7 800 000 ՀՀ դրամի չափից պակաս` Երևան համայնքի բյուջեի միջոցով վկայագրի գումարը ավելացվում է մինչև 7 800 000 ՀՀ դրամը, բացառությամբ՝ այն շահառուների, ովքեր` ծրագրի ընդունման պահին Երևան համայնքում ունեն բնակելի տուն կամ բնակարան կամ այլ բնակելի տարածք, որի ընդհանուր համատեղ կամ բաժնային սեփականություն հանդիսացող գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը գերազանցում է 7 800 000 ՀՀ դրամ չափը կամ բնակարանները Վարդաշեն 6-րդ փողոցի հ.66/1 և հ.68ա հասցեներում գտնվող հանրակացարանային շենքերում առքուվաճառքի պայմանագրերով ձեռք են բերվել նշված շենքերի նկատմամբ 4-րդ կարգի վթարայնության վերաբերյալ եզրակացություն տրամադրելուց հետո՝ սկսած 06.05.2020 թվականից:

Տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 489 անձնագիր

Գործադիրն ընդունել է որոշում՝ առանց պետտուրք գանձելու օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու անձնագրեր տրամադրելու վերաբերյալ: Հիմնավորման համաձայն՝ օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու համար պետական տուրքի վճարումից ազատվում են ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիները կամ ՀՀ քաղաքացիները, որոնց մշտական բնակության վայրում (օտարերկրյա պետությունում) ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը: 2026թ. 2-րդ եռամսյակի ընթացքում տրամադրվել է օտարերկրյա պետություններում վավերական 489 անձնագիր, սակայն պետական տուրք չի գանձվել: Ընդ որում, այդ անձնագրերը տրամադրվել են Դամասկոսում ՀՀ դեսպանության (88 գործ) և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության (401 գործ) կողմից, տվյալ քաղաքներում ՀՀ քաղաքացիներին և ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնք ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն և դիմել են առաջին անգամ ՀՀ անձնագիր ստանալու համար:

Կբարելավվեն տարեցների և երեխաների շուրջօրյա խնամք ու սոցիալական սպասարկում իրականացնող շենքային պայմանները

Կառավարության որոշմամբ կապահովվի տարեցների և երեխաների շուրջօրյա խնամք ու սոցիալական սպասարկում իրականացնող ՊՈԱԿ-ների բնականոն գործունեությունը։ Ըստ հիմնավորման՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը իրականացնում է տարեցների և երեխաների շուրջօրյա խնամք և սոցիալական սպասարկում իրականացնող ՊՈԱԿ-ների կողմից շահագործվող անշարժ գույքերի կառուցման, հիմնանորոգման/վերակառուցման աշխատանքներ՝ շենքային պայմանները բարելավելու և դրանց շահառուներին պահանջվող որակի ծառայություններ մատուցելու նպատակով: Ինտենսիվ աշխատանքներ են ընթանում նաև սոցիալական բնակարանային ֆոնդի ստեղծման նպատակով՝ նախարարությանը ամրացված շենքերը սոցիալական բնակարաների վերափոխման, ինչպես նաև համայնքահեն փոքր խմբակային տների կազմակերպման ուղղությամբ: Որոշմամբ ավարտին կհասցվի Գեղակերտի համայնքային փոքր տան կազմակերպման աշխատանքները:

Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի

Կառավարությունն ընդունել է «Գույք նվիրաբերելու մասին» որոշում, որով առաջարկվում է ՀՀ սեփականություն հանդիսացող՝ Արարատի մարզի Գոռավան բնակավայրում գտնվող հողամասը նվիրաբերել Վեդի համայնքին՝ մանկապարտեզ կառուցելու և շահագործելու նպատակով: Ըստ հիմնավորման՝ ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հավանությանն է արժանացել նաև Գոռավան բնակավայրի նախադպրոցական հաստատության /մանկապարտեզի/ կառուցման ծրագիրը, որի իրականացման համար Համայնքի կողմից ձեռք է բերվել համապատասխան քաղաքաշինական փաստաթղթեր։ Մանկապարտեզի շինարարական աշխատանքների իրականացման նպատակով մրցութային գործընթացներն արդեն իսկ իրականացվել են, և սահմանված կարգով որոշվել է հաղթող մասնակիցը։ Մանկապարտեզի կառուցումը նախատեսվում է 2026-2027թթ․ընթացքում՝ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։ Մանկապարտեզը կսպասարկի բնակավայրի շուրջ 90 երեխաներին։

Կապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի և շարունակական կազմակերպումը

Կառավարությունը լրացումներ է կատարել հանրակրթական դպրոցների մանկավարժների և դպրոցահասակ երեխաների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման կարգում։ Ըստ հիմնավորման՝ գործող կարգավորմամբ ազգային փոքրամասնությունների լեզուները որպես օտար լեզու դասավանդող ուսուցիչները ներառված են շահառուների շրջանակում, սակայն նույն լեզուների ուսուցումը խմբակային ձևաչափով իրականացնող խմբակավարները չեն ընդգրկվում փոխհատուցում ստացող անձանց ցանկում։ Գործնականում բազմաթիվ դեպքերում ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցումն իրականացվում է հենց խմբակների միջոցով՝ պայմանավորված համապատասխան մասնագետների սահմանափակ թվով և առանձին դպրոցներում սովորողների ոչ մեծ քանակով։ Այդ պայմաններում խմբակավարների կողմից մի քանի բնակավայրերում կամ դպրոցներում գործունեություն ծավալելը դառնում է անհրաժեշտություն։ Սակայն տրանսպորտային ծախսերի փոխհատուցման բացակայությունը նվազեցնում է մասնագետների ներգրավվածության հնարավորությունը և վտանգում ծրագրերի շարունակական իրականացումը։ Ըստ այդմ՝ նախատեսվում է, որ ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցումն իրականացնող խմբակավարները ևս հանդիսանան տրանսպորտային ծախսերի փոխհատուցման ծրագրի շահառու։ Արդյունքում՝ կապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի և շարունակական կազմակերպումը։

Պաշտպանության և առողջապահության ոլորտների համար կապահովվի բարձր որակավորմամբ անհրաժեշտ բժշկական կադրերի համալրումը

Կառավարությունը հաստատել է ՀՀ-ում 2026/2027 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ կլինիկական ռեզիդենտուրայի (կլինիկական օրդինատուրայի) ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների։ Արդյունքում՝ կապահովվի պաշտպանության և առողջապահության ոլորտների համար բարձր որակավորմամբ անհրաժեշտ բժշկական կադրերի համալրումը։ Ըստ հիմնավորման՝ կլինիկական օրդինատուրայի կրթական ծրագրով պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ տեղերի հատկացումը նպատակ ունի կանոնակարգել ուսումնական հաստատություններում առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի ընդունելությունը, ինչպես նաև նպաստել բժշկական կադրային ներուժի պատրաստմանն ու ՀՀ զինված ուժերում բժիշկ-սպաների և մարզային առողջապահության կադրային պահանջարկի համալրմանը: Կլինիկական օրդինատուրայում տեղերի հատկացումը հնարավորություն է ընձեռում ապահովել շարունակական կրթությունը, ինչպես նաև առողջապահության համակարգում առանցքային մասնագիտություններով բժիշկ-մասնագետների փոխարինելիությունն ու բժշկական օգնության և սպասարկման մատուցման կայունությունը: Հետավարտական մեկամյա ուսումնառության տեղերի հատկացումը նախատեսում է կարգավորել ՀՀ զինված ուժերում առկա բժշկական կազմի թերհամալրվածության խնդիրը:

Կապահովվի քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը

Կառավարության որոշմամբ կապահովվի պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը։ Ըստ այդմ՝ քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքները ևս 3 ամիս (2026 թ. հուլիս, օգոստոս և սեպտեմբեր ամիսները) կստանան սոցիալական աջակցություն՝ 300.000 դրամի չափով, որի համար դիմում կարող են ներկայացնել մինչև 2026 թվականի սեպտեմբերի 20-ը ներառյալ:

Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջ «Հայաստանի տնտեսական վերափոխման զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Ըստ հիմնավորման՝ Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2026 թ. հունիսի 3-ին և 8-ին ստորագրվել է 170,3 մլն եվրո արժողությամբ (200 մլն ԱՄՆ դոլարին համարժեք) վարկային համաձայնագիրը, որը նպատակաուղղված է ՀՀ-ում մրցակցային միջավայրի բարելավմանը և ներդրումների ներգրավվմանը: Բարեփոխումների շրջանակը ներառում է՝ ներդրումների և առևտրի ազատականացումը և մրցակցության խրախուսումը, տնտեսական մրցակցության պաշտպանություն, թվայնացում և կիբեռանվտանգություն, կլիմայական օրենսդրություն, արտանետումների կառավարում, կանաչ տաքսոնոմիա, օդի որակի վերահսկողություն։

Հավանություն է տրվել «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Հարկաբյուջետային կայունության և ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր – Ենթածրագիր 3» վարկային համաձայնագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծին։ Ենթածրագիր 3-ը բաղկացած է երեք հիմնական բաղադրիչներից` հարկաբյուջետային կառավարման, պետական պարտքի և ֆինանսական ռիսկերի կառավարման քաղաքականությունների հզորացում, ինչպես նաև ենթակառուցվածքային ներդրումների կայունության ամրապնդում, պետական արժեթղթերի շուկայի և դրամական շուկայի ենթակառուցվածքի կատարելագործում, ֆինանսական գործիքների և ներդրողների շրջանակի ընդլայնում, ինչպես նաև ընկերությունների թափանցիկության և կորպորատիվ կառավարման բարելավում։

Խրախուսվում է հերթական ներդրումային ծրագիրը

Կառավարության որոշմամբ «Յունիվերսալ քլոզրս» ՓԲԸ կօգտվի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել ալյումինե կափարիչների արտադրության համար՝ իրականացնելով ընդհանուր շուրջ 2․6 մլրդ դրամի ներդրում։ Ներկայումս առկա է 30 աշխատատեղ՝ 500 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում, մինչև 2027 թ. ընկած ժամանակահատվածում, նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 40-ի՝ 667 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 2․6 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 133․3 մլն դրամ։