ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Կառավարության հրաժարականը
Սիրելի հայրենակիցներ, բարև ձեզ:Այսօր մեկնարկում է Ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նստաշրջանը, ավելի ճիշտ արդեն մեկնարկել է, և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 158-րդ հոդվածի համաձայն Կառավարությունը Ազգային ժողովի առաջին նստաշրջանի օրը Հանրապետության նախագահին է ներկայացնում իր հրաժարականը։ Եվ ես հիմա պատրաստվում եմ ստորագրել Կառավարության հրաժարականը՝ համաձայն Սահմանադրության 158-րդ հոդվածի, որը ուղղված է Հանրապետության նախագահին։ Գրությունը հետևյալն է. «Մեծարգո պարոն նախագահ, հիմք ընդունելով Սահմանադրության 158-րդ հոդվածը, խնդրում եմ ընդունել Կառավարության հրաժարականը»:Այսօր, հիմա այս գրությունը կուղարկվի Հանրապետության նախագահին, և նախագահը, Սահմանադրության համաձայն, կընդունի Կառավարության հրաժարականը:Ասեմ նաև, որ այս պայմաններում՝ մինչև նոր Կառավարության ձևավորումը Կառավարության անդամները շարունակում են կատարել իրենց պարտականությունները: Իսկ հաջորդիվ Սահմանադրության 149-րդ հոդվածն ասում է, որ Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին։ Այսօր խորհրդարանական մեծամասնությունը Հանրապետության նախագահին կներկայացնի վարչապետի թեկնածուին և, համապատասխանաբար, տեղի կունենա նշանակում՝ համաձայն Սահմանադրության 149-րդ հոդվածի։Լավ օր եմ մաղթում բոլորիդ և սիրում եմ բոլորիդ։